Ի պաշտպանություն Կոստանտին Օրբելյանի՝ արտիստները կբոյկոտեն բոլոր ներկայացումները. բողոքի ակցիա
Բալետի պարուհի Սոնա Վարդանյանը վստահեցնում է` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու համար՝ գնալու են մինչև վերջ:
Կառավարության դիմաց հավաքված արտիստները լրագրողների հետ զրույցում ասացին, որ արդեն պատրաստվում են բոյկոտել բոլոր ներկայացումները:
Նկատենք, որ վերջին ներկայացման ժամանակ արտիստները չեն ցանկացել բեմ դուրս գալ, սակայն Կոստանտին Օրբելյանը նրանց հորդորել է ներկայացնել բեմականացումը:
Դերասանները կազմակերպել են նաև ստորագրահավաք, որով պահանջում են Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կոստանտին Օրբելյանը ստացել է նամակ, որով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը հայտնել է նրան ազատման մասին:
Վերջինս պատճառաբանել է, թե Օրբելյանը չի խոսում հայերեն և նշանակվել է օրենքի խախտումով: