Ինչի՞ հաշվին է տնտեսությունը զարգանալու՝ «շինարարական փուչիկի՞», թե՞ «կուլակաթափության»
Բյուջեի կատարողականը ներկայացնելիս բերվել են մի շարք թվային տվյալներ կապված երկրի տնտեսությունում դրական փոփոխությունների հետ, որոնց ուշադրություն չդարձնել չի կարելի։ Ըստ այդմ, շինարարության ոլորտում ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է 20 տոկոսը գերազանցող աճ։ Մյուս կողմից նաև անհավանական աճ է եղել հիփոթեքային վարկավորման ոլորտում։ Ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին` 2018թ. փետրվարի նկատմամբ` 100 տոկոսով։ Եվ որ ամենից հետաքրքրականն է, 2019-ի պետբյուջեն խոստացել են գերակատարել 40 մլրդ դրամով։
Ինչ խոսք, այս ամենը չափազանց հաճելի է լսել, ու նման լուրերը սովորաբար չափազանց ականջահաճո են։ Սակայն, նախ փորձենք հասկանալ, թե ինչն ինչոց է։ Հասարակ քաղաքացու համար, իհարկե, առաջին հարցը, որ գալիս է մտքին կարող է լինել հետևյալը․ հունվար-փետրվար ամիսներին ինչ շինարարություն։ Ձմեռվա կեսին ինչ շինարարություն, այն էլ նման ծավալների, որը նույնիսկ ազդել է երկրի տնտեսության ընդհանուր պատկերի վրա։ Եվ բացի այդ, մի փոքր ավելի մասնագիտական տեսանկյունից նայելով հարցին, կարելի է ասել, որ շինարարության ոլորտը թմբկահարելը որպես հաջողություն և նվաճում մի փոքր ռիսկային է։
Տնտեսագետները հակված են այս ոլորտի «բումերի» տակ տեսնել տնտեսական աճի իմիտացիա և ոչ թե իրական աճ։ Պատահական չէ, որ նման դեպքերում հաճախ օգտագործվում է «շինարարական փուչիկ» հասկացությունը։
Մյուս կողմից՝ հայտարարվում է, որ այս տարվա բյուջեն գերակատարվելու է 40 միլիարդ դրամով։ Իսկ ինչի՞ հաշվին։ Սովորաբար, պետությունները բյուջեն գերակատարում են տնտեսական բարձր տեմպերով աճի շնորհիվ։ Կամ հարկային վարչարարության խստացման, կամ ստվերի դեմ պայքարի։ Հիմա ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը։
Քաղաքական տեկտոնիկ փոփոխությունների փուլում հարկային վարչարարության խստացումը կարող է բերել հարկային տեռորի, կամ ռեկետի, ստվերի դեմ պայքարն էլ կարող է հանգեցնել սեփականության վերաբաշխման ու, այսպես ասած, կուլակաթափության, հատկապես երբ իշխանությունը փորձում է ունեցվածքի օրինականության հետ կապված հիմնվել մեղավորության կանխավարկածի վրա։ Ու այս ամենից հետո մնում է միայն հուսալ, որ խնդիրը զուտ միայն ականջահաճո հայտարարություններով քաղաքացիներին «կուտ տալու» մեջ չէ։