Վանաձորցի երիտասարդը 2 օրում 2 անգամ տաբեր դրվագներով բերման է ենթարկվել
Մարտի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը:
Դեպքի վայրում վաճառողուհին ոստիկաններին հայտնեց, որ որպես հաճախորդ դեղատուն մտած տղամարդը սեղանի վրայից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր ու փող:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը, այսպես ասած, «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ:
Շուտով կասկածյալը՝ վանաձորցի Արա Արթենյանը հրավիրվեց ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը: Անձնական խուզարկությամբ Արթենյանի մոտից հայտնաբերվեց կանացի դրամապանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ եւ ուղարկվեց քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն. Արա Արթենյանը ստորագրությամբ բաց թողնվեց:
Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, այս անգամ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները՝ համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների հետ, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով Արա Արթենյանին Վանաձորի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Բազումի բաժին:
Անձնական զննությամբ նրա վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման ներարկիչ,՝ 2 մլ. դեղնագորշավուն հեղուկով:
Ըստ Արա Արթենյանի հայտարարության՝ հայտնաբերվածը կոդեին թմրամիջոց է, ինչը նա պատրաստել էր մարտի 22-ին Վանաձոր թաղամասի հարակից անտառում՝ հետագայում ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: