Բոլորն էլ Փաշինյանի որոշման օգտին են կոճակ սեղմելու․ գրավատների աշխատակիցները՝ պատգամավորին
«Աբսուրդ ա տուրքը 60 անգամ ավելացնելը»։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասացին գրավատան և փոխանակման կետերի աշխատակիցները, ովքեր կառավարության շենքի մոտից իրենց բողոքի ակցիան տեղափոխել էին Ազգային ժողովի մոտ, որտեղ ընթացող նիստին ներկա նաև վարչապետը։
Գրավատան աշխատակիցները նկատում են, որ այն, ինչ իրենց գործունեության մասին ներկայացվում է՝ կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։
«Մարդկանց ասում են, թե գրավատները թալանում են, վատն են, բայց եթե մենք թվերով ներկայացնենք, ապա կտեսնեն բոլորը, որ մենք մոտ 4 մլն շահութահարկ ենք ներկայացրել բյուջե, իսկ հիմա դա մոտ 5 անգամ նվազեցնում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրավատան աշխատակիցներից մեկը։
Վերջիններիս հետ հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա նկատեց, որ իրենց խմբակցության կողմից բարձրացվել է հարցը, և առաջարկ է եղել վերանայել որոշումը։
Ակցիայի կազմակերպիչները Գորգիսյանին ասացին, որ ցանկանում են քննարկել հարցը, և ուզում են, որ այդ քննարկումը լուսաբանվի նաև։
Նրանք հանդիպել են արդեն կառավարության ներկայացուցիչներին, սակայն թույլ չեն տվել լուսաբանել այդ հանդիպումը։ Այժմ նրանք պահանջում են բաց քննարկում և վերանայում։
Պատգամավորը նկատեց, որ վարչապետը խոստացել է խթանել փոքր ու միջին բիզնեսը և հիմա իրենց խմբակցության անելիքը լինելու է այն, որ հիշեցնեն վարչապետին այդ մասին ու հորդորեն վերանայել որոշումը։
«Մենք պետք է շեշտը դնենք հենց դրա վրա և ապահովենք ձեր ներկայությունը համապատասխան նիստում»,- ասաց Գորգիսյանը։
Հավանաբար, Գորիգիսյանի պատասխանն այնքան էլ հույս չներշնչեց ակցիայի մասնակիցներին։ Նրանցից մեկը նկատեց․ «Եթե հիմա այս հարցին լուծում չտրվեց, ապա կոճակ սեղմելու ժամանակ բոլորն էլ Փաշինյանի որոշման օգտին են կոճակ սեղմելու»։