Շատ բուհերում կան ավելի շատ ՀՀԿ-ականներ, քան ՔՊ-ականներ․ «Իմ քայլի» պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն չէ այն տեսակետին, որ բուհերի խորհուրդներում ընդգրկվում են ՔՊ անդամներ։
Նա լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց, որ երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում էին, բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին, որ նորից քաղաքականանում են խորհուրդները, սակայն, նրա դիտարկմամբ, դա այդպես չէ։
«Խնդրում եմ՝ բացեք բուհերի հոգաբարձուների խորհուրդները և ցույց տվեք այնտեղ քաղաքականացումը: Ես ձեզ կարող եմ ապացուցել, որ շատ բուհերում կան այսօրվա կառավարության կողմից հաստատված ավելի շատ ՀՀԿ-ական անձինք, քան ՔՊ-ին կամ այլ կուսակցության պատկանող անձինք»,- ասաց պատգամավորը։
ԿԳՆ նախկին փոխնախարարը նկատում է, որ բուհերը պետք է լինեն քաղաքական՝ լայն իմաստով. «Նկատի ունեմ, որ բուհերը պետք է քննարկեն քաղաքական, հասարակական իրադարձությունները: Ժամանակին կենտկոմի ներկայացուցիչները վախով էին գալիս ԵՊՀ, որովհետև իրենց ենթարկում էին ամենասուր քննադատության: Դա հիմա էլ պետք է լինի: Դա չի նշանակում քաղաքականացվածություն»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։