Փաշինյանի խայտառակ վրիպումը, կամ ինքնախոստովանություն համար 1
Այսօր Կառավարությունն արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ Փաշինյանը բացահայտեց այն, ինչն այսքան ժամանակ թաքցնում էր՝ այդ հարցի վերաբերյալ կարելով նաև սեփական թիմակիցների բերանը:
Քննարկելով օրակարգային 5-րդ հարցը՝ «ՀՀ Կառավարության 27.12.2018թ 15-15-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման մասին նախագիծը»՝ Փաշինյանն ասաց.
«Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։
Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո՛, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ՝ կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենա՛ք»:
Փաշինյանը սա ասում է իրեն բնորոշ նյարդային տոնով՝ մոռանալով, որ նոր Հայաստանում պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանն է, Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահը՝ լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Փաշինյանը, փաստորեն, հայտարարեց, որ նոր Հայաստանում ՀՀԿ-ական ռեկտորները իրենց տեղը պետք է զիջեն ՔՊ-ականներին և քաղաքական որոշումը կայացված է՝ Արամ Սիմոնյանին կփոխարինի հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը:
Փաշինյանը կամա թե ակամա հաստատեց՝ Արամ Սիմոնյանը քաղաքական հալածանքների է ենթարկվում: Այո՛, քաղաքական որոշումը կայացված է. նա պետք է հեռանա:
NEWSPRESS.am