Հերոսներին մոռանում ենք. առաջին տեղում անձի պաշտամունքն է
Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով ակնարկել է, որ պետք չէ լինել այդքան էգոիստ և մտածել միայն սեփական հաղթանակների մասին, որին հասել է նաև այլ մարդկանց շնորհիվ, որոնց այսօր մոռացել կամ ուրացել է:
«Հեղափոխության անցնցում կայացման գործում մենք ունեցանք մեր համեստ, բայց հզոր ազդեցությունը, մեզ պետք չի , որ դրա մասին հիշեք, խոսեք, գնահատեք, մեզ պետք է, որ գոնե մեր անմահ հերոսների հիշատակը վառ պահեք։ Ինքս ինձ համար սկզբունքային որոշում էի կայացրել, որ մեր պայքարը չի սահմանափակվելու միայն առաջնագծի խրամատներով, մեր պայքարը լինելու է ամենուր և ամեն ձև։
Հիմա այս բաց նամակով դիմում եմ Ձեզ և խնդրում, որ հաշվի առնեք այս ամենը, մենք ցանկանում ենք, որ հստակ լուծումներ առաջարկվի ներկայացված հարցերի վերաբերյալ։
Սիրելի՜ հայրենակիցներ, նաև տեղեկացնեմ, որ անկախ նրանից, թե պետական մակարդակով ոնց կվերաբերվեն ապրիլի 2-ին, մենք մեր թիմով այդ օրը ժամը 11։00 Եռաբլուրի ներքևի մուտքի մոտից քայլերթով կբարձրանանք և հարգանքի տուրք կմատուցենք մեր անմահ հերոսների հիշատակին։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ»,-գրել է Մանուկյանը՝ իրականում ակնարկելով մի շատ ցավալի իրողության մասին:
Այո՛, Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ հերոսների հիշատակը վառ պահելու համար ապրիլ ամսին պետք էր օրացույցում մի օր նշել կարմիրով, բայց ոչ, իշխանատենչությունից գլուխը կորցրած Փաշինյանը որոշեց ՀՀ-ի տոների և հիշատակների մասին օրենքում փոփոխություն կատարել և այնտեղ ամրագրել իր՝ իշխանության գալու օրը, ինչպես բոլոր հարցերում, այստեղ ևս բղավելով՝ ժողովրդի համար է:
Ստացվում է՝ իշխանության եկած ուժն իր իշխանության գալու օրը հռչակում է տոն՝ նմանվելով կոմունիստներին:
Եվ սա ավելի ողբերգական երանգ է ստանում, երբ հիշում ես կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այն դիտարկումը, թե ապրիլի 23-ը Անկախության օրվանից հետո երկրորդ հիշարժան օրն է դառնալու:
Իսկ երբ էլ ավելի հետ ես գնում և հիշում իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ «թավշյա հեղափոխությունը շատ ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան հերոսամարտը» արտահայտությունը, ապա հասկանում ես, որ անձնապաշտությունը նոր իշխանության մոտ արդեն պաթոլոգիկ դրսևորումներ է ստանում:
Չի բացառվում, որ փաշինյանականները շուտով հանդես գան Հանրապետության հրապարակը Փաշինյանի անվամբ անվանակոչելու, մի շարք փողոցներ ևս անվանափոխելու և նման այլ ցնդաբանություններով: