Այ ընկեր, ինձի մի լոլո կարդա դու. քաղաքացին՝ Մարությանի մամուլի խոսնակ Կարապետյանին
Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքացիներ էին մոտենում, ոչ թե միանալու մաքրության աշխատանքներին, այլ դիմելու իրենց խնդիրներով:
Տարեց մի քաղաքացի նկատեց, որ քանիցս դիմել է քաղաքապետարան, սակայն իրեն չեն ընդունել, ասել են, որ պետք է համակարգչով նամակ ուղարկի:
«Էդ մարդը կայք չունի, կոմպյուտեր չունի. ասենք 80 տարեկան կին ա, չի հասկանում կամպյուտր՝ ո՞նց գնա ուղարկի: Էնտեղ 50 հատ պարազիտ կա, հիմա չեմ ուզում էդ հարցերի շուրջ խոսեմ, նրանցից մեկին հանձնարարեք, թող զբաղվեն քաղաքացու հարցերով»,-Մարությանին ասաց քաղաքացին:
«Բայց պարտադիր չէ նամակ գրեն, կարող են զանգել»,-ասաց ՄԱրությանը, ապա շրջվելով դեպի իր մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին՝ հարցրեց. «Կարող են, չէ՞»: Ինչի Կարապետյանը դրական արձագանքեց:
«Այո, կարող են, կարող են նաև ուղղակի նամակ գրել»,-ասաց նա:
Քաղաքացին զայրացավ. «Այ ընկեր, ինձի մի լոլո կարդա, նամակը գրում ենք, թաքցնում են, անհայտացնում են, ոչ մի միջոց ձեռք չեն առոնւմ»,-ասաց տղամարդն ու խնդրեց ինչ-որ մեկին հանձնարարել, որպեսզի զբաղվի այդ գործով:
«Արդեն հանձնարարել եմ»,-ասաց Մարությանը:
«Ո՞ւմ»,-զարմացած արձագանքեց քաղաքցին:
«Հակոբ Կարապետյանին. արդեն 5 րոպե ուզում ա ասի, որ կզբաղվի՝ չեք լսում»,-ասաց Մարությանն ու հեռացավ: