«Աղբը կմաքրենք, նոր կտեսնենք՝ կլինի՞, թե չէ». Համազգային թատրոնի նոր շենքի հիմնակեքի փոխարեն Փաշինյանը որոշեց աղբ մաքրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում հայտարարված համապետական շաբաթօրյակը սկսեց Ամիրյան 26 հասցեում գտնվող` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի տարածքից:
Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ ուզում էր շաբաթօրյակին մասնակցելու համար որևէ մարզ գնալ, սակայն երբ եկավ մասնակցելու նոր շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, չկարողացավ անտարբեր անցնել աղբի նկատմամբ:
«Էս աղբից չեմ կարող անտարբեր մնալ ու օրս կնվիրեմ էստեղ մաքրելուն»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե սրանով փորձում եք հետաձգե՞լ հիմնարկեքը, Փաշինյանն արձագանքեց, որ չի կարող միջոցառում լինել մի վայրում, որտեղ աղբ է թափված:
«Մարդն ասում է՝ ես թատրոնի պատասխանատուն եմ, հարյուր անգամ խնդրեցին՝ եկեք, հիմա երկրի վարչապետին բերել են, աղբի մեջ կանգնեցրել: Չի՛ կարելի աղբի մեջ կանգնել ու անել հանդիսավոր արարողություն»,- ասաց Փաշինյանը:
Դիտարկմանը, թե թատրոնի դերասանները ներկա չեն շաբաթօրյակին, Փաշինյանն արձագանքեց. «Երբ մարդիկ իսկապես կապացուցեն, որ Սոս Սարգսյանի հիշատակն ու վաստակը հարգել գիտեն, այն ժամանակ կմասնակցեն»: Փաշինյանի որակմամաբ, նրանց չմասնակցելը արդեն իսկ նշան է, որ այդ հարգանքը չկա:
Ինչ վերաբերվում է նրան, թե երբ կլինի հիմնարկեքը՝ Փաշինյանը պատասխանեց. «Աղբը կմաքրենք, նոր կտեսնենք՝ կլինի՞, թե չի լինի»:
Նա լրագրողներին հորոդորեց նույնպես մասնակցել շաբաթօրյակին: