ՔՊ-ական դեպուտատը մոռացել է իր անցյալը. ՀՀԿ-ին չէր մերժում, երբ ամուսնու նկարները գնում էին, հիմա մերժում է անգամ խոսնակներին
ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսնակ Աննա Օհանյանի վերաբերյալ հետևյալն էր ասել․
«Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին և եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն և անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»։
Իհարկե, նախարար Խաչատրյանը պաշտպանեց իր խոսնակին՝ հայտարարելով, որ գոհ է նրա աշխատանքից։ Սակայն ասյտեղ խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի հետ աշխատած խոսնակի հարցն է ուշագրավն, այլ այն, որ նախարարին նման հարցադրում է ուղղում նախկին լրագրողը, որը նախքան ՔՊ-ի շարքերը համալրելը, երբևէ հանդես չի եկել ՀՀԿ-ին քննադատելով։
Ավելին՝ ՀՀԿ-ականները լավն էին, երբ իր ամուսնու նկարները գնում և տանում էին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ՝ որպես նվեր։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ լիբանանյան այցից առաջ որպես նվեր գնել են Գայանե Աբրահամյանի ամուսնու՝ նկարիչ Արթուր Շարաֆյանի գեղանկարներից «Անտառային տրամադրություն»-ը, որի համար կառավարության աշխատակազմի՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցներից փոխանցվել է 728 հազար դրամ:
Նկարը գնվել էր արտասահմանյան հյուրերին նվիրելու նպատակով:
Պարզվում է՝ այն ժամանակ ՀՀԿ-ականների փողերը կեղտոտ չէին, ՀՀԿ-ն մերժելի չէր, տիկինը դեմ չի արտահայտվել, առհասարակ չի էլ քննադատել երբևէ ՀՀԿ-ին, չի մերժել նրանց կառավարությանը, իսկ այժմ մերժում է այդ կառավարության հետ նախկինում կապ ունեցող մամուլի խոսնակին՝ մոռանալով, որ նոր Հայաստանում կան նախարարներ, որոնք տարիներ շարունակ ծառայել են նախորդ իշխանություններին, այդ թվում՝ նույն Տիգրան Խաչատրյանը։
Գայանե Աբրահամյանը դժգոհում է նախարարի խոսնակից՝ մոռանալով, որ իրենց քաղաքական կնքահոր խոսնակն էլ ծառայել է տարիներ շարունակ ՀԱԿ-ին։ Հիմա հարց է առաջանում՝ այս ի՞նչ երկրակի ստանդարտներ են բերել մեր կյանք, սևերի և սպիտակների բաժանումը դեռ չավարտված, ինչո՞ւ են պահանջում ազգից ՔՊ-ականացում։