Լարված իրավիճակ՝ այս անգամ Արամուսում. կրկին դասադուլ է ու կրկին պայքար տնօրենի համար. Shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 22-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է դասադուլ, և երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։ Այդ մասին գրում է Shamshyan.com-ը:
Այս պահին դպրոցի բակում են հավաքվել երեխաները, ծնողներն ու ուսուցչական կազմը և վանկարկում են, որ իրենք տնօրեն են ուզում Ա. Փիլիպոսյանին։ Օրեր առաջ նշված դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել, և թեկնածուներից մեկը եղել է Փիլիպոսյանը, իսկ մյուս թեկնածուն՝ Նոնա Պողոսյանը, ով Աբովյան քաղաքի բնակիչ է և աշխատել է Աբովյանի թիվ 10 դպրոցում՝ որպես դասվար և նրա թեկնածությունը, հավաքվածների ասելով, առաջ է քաշել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուները հավաքել են 4-ական ձայն, սակայն դպրոցի կոլեկտիվը նամակ-դիմումով խնդրել է փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվի Ա. Փիլիպոսյանը։ Այս պահին դպրոցում դասապրոցեսը խաթարվել է, սակայն Ա. Փիլիպիոսյանը հորդորում է երեխաներին, որպեսզի նրանք անցնեն դասարաններ և դասապրոցեսը շարունակվի։ Երեխաներն ասում էին, որ իրենք հարգում են Ա. Փիլիպոսյանին, ընդունում նրա խոսքը, սակայն ուզում են, որպեսզի Կոտայքի մարզպետն ու կառավարությունը հարգեն իրենց կարծիքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում