Արայիկ Հարությունյանն է, որ «խայտառակում է ռեսպուբլիկան»
Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Ավշարի դպրոցում բողոքի ակցիաներ են։ Ծնողները դեմ են դպրոցի քպականացմանը, կամ, ասել է թե, մարզպետի բարեկամին դպրոցում խցկելու արատավոր բարքերին։
Սրա արդյունքում խաթարվել է ուսումնական պրոցեսը․ աշակերտները փաստացի չեն կարողանում իրացնել իրենց կրթական իրավունքը, ինչը, ինչպես պարզվեց, բացարձակապես չի հետաքրքրում ո՛չ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին, ո՛չ էլ նրա քաղաքական «կնքահորը»՝ վարչապետ Փաշինյանին։
«Մարզպետարանի ենթակայության դպրոց է, այնտեղ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք սրտի, չեն վերականգնվում, երկու օր է՝ նախարարության աշխատակիցներ են այնտեղ գնում, պետք է փորձենք վերականգնել աշակերտների իրավունքները: Կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը, որը ընտրվել է, այն է՝ մինչև տնօրենը չհեռանա, դասի չենք գա, ճիշտ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը պնդում է՝ Արարատի մարզպետի մորաքրոջ հարսին պետք է բերեին այդ դպրոցում նշանակեին, բայց չգիտի՝ ինչ է եղել՝ նշանակե՞լ են, թե՞ չէ։
Կրթության նախարար է, բայց լրագրողներին խորհուրդ է տալիս այդ հարցը պարզել ոչ թե իրենից, այլ մարզպետից։
Դե բնական է, եթե նախարարն իր նախարար «հալով» որևէ բանից տեղյակ չէ, հազիվ կարողանում է մեկ-երկու կցկտուր խոսք ասել լրագրողներին նման կարևորության խնդրի վերաբերյալ, մարզպետն էլ պետք է մարզում ամենաթողության արդյունքում իր ազգուտակին տեղավորի մարզպետարանում կամ դպրոցում աշխատանքի։
Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է հոտած․ եթե մի երկրի Կրթության նախարարն Արայիկ Հարությունյանն է, ով իր ստացած ռուսական կրթություն է «մեյդան» բերում՝ ի պատասխան այն քննադատությունների, որ Թումանյանի 150-ամյակի միջոցառման ժամանակ չկարողացավ գեթ մեկ քառյակ անգիր ասել ու այն կարդաց աչքը թղթից չկտրելով, երկրի կրթական համակարգի «հալն» էլ էս պետք է լինի։
Հասել ենք մի տեղ, երբ աշակերտներն են խառնվում արդեն քաղաքականությանը՝ դասերը սերտելու փոխարեն, դասի չեն գնում, իրենց ծնողների հետ դպրոցի մուտք են փակում և այսպես մինչև ո՞ւր։
Արայիկ Հարությունյանի այն պատասխանը, թե դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է, ուստի բոլոր հարցերի պատասխանները պետք է լսել մեկ-երկու հոդաբաշխ նախադասություն մի կերպ իրար կպցնող մարզպետ Գարիկ Սարգսյանից, շատ նման է Թումանյանի քառյակն անգիր չասելու իր հիմնավորմանը, թե՝ ռուսական է կրթությունը։ Այստեղ է, որ ցանկանում էս ասել, է հետո՞, ես էլ ունեմ ռուսական կրթություն, հետո ի՞նչ:
Իսկ խորքում գիտակցում ենք, որ արայիկհարությունյանական տեսակին նախարար դարձնելը Փաշինյանի տապալումներից մեկն էր, իսկ նրան մի քանի նախարարություն տալն ու սուպերնախարար կարգելը՝ տապալում Հայաստանի համար։
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն