Գիշերով մտնում են տները, բոլորին վախեցնում. դանակը՝ ոսկորին, Զարթոնքի բնակիչներն էլ կառավարություն են հասել (տեսանյութ)
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը: Արդեն մեկ շաբաթ է, ինչ նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպել ու փակում են գյուղապետարանի մուտքը: Այդ ընթացքում արդեն երկրոդ անգամն է, որ ակնկալիքներով կառավարություն են եկել:
Գյուղապետի հասցեին հնչեցվող մեղադրանքները շատ են՝ կաշառակերություն, դիրքի չարաշահում, քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարների յուրացում, բյուջեի վատնում և էլի մի շարք փաստեր, որոնք գյուղացիները պատրաստ են ներկայացնել՝ ուր հարկն է:
Մասնավորապես՝ նրանք ցանկանում են խնդրի վրա հրավիրել Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության ղեկավարների ուշադրությունը:
«Թող գան, բացահայտեն: Մենք քննիչ չենք, մասնագետներ չենք, որ իմանանք` ինչքան գումար են փոխանցել, ուր են գնացել այդ գումարը, բայց որ կատարվել է թալան, ամեն ինչ, ակնհայտ երևում է»,- լրագրողների հետ զրույցում ասացին գյուղացիները:
Նրանք վստահեցնում են, որ գյուղի մեծ մասն իրենց հետ է, համենայնդեպս, մասնակցել է գյուղապետի հրաժարականի համար կազմակերպված ստորագրահավաքին, իսկ այն, որ այդ պահին ոչ բոլորն են եկել կառավարություն և չեն ուզում երևալ, պատճառն այն է, որ վախենում են:
«Հատ-հատ մտնում են տներն ու վախեցնում, սպառնում են, որ չբողոքեն գյուղապետի դեմ, բայց ոչ ոք չի ուզում նրան: Գիշերով մտնում են տները, բոլորին վախեցնում. դանակը ոսկորին է հասել»,- ասացին գյուղացիներն՝ իրար հերթ չտալով:
Մանրամասները՝ մեր տեսանյութում