Ոչխարի գլխաքանակը պակասել է՝ մարդիկ շատ են մորթի ենթարկում․ Գեղամ Գևորգյան
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոչխար պահել, ոչխարի գլխաքանակը պակասում է։ Ազգային ժողովում լրագրողների այս դիտարկմանն արձագանքելով, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ասաց, որ պատճառը ոչխարների մորթն է։
«Մարդիկ շատ են մորթի ենթարկում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ոչխար պահողների դժգոհություններին՝ կապված բրդի վերամշակման հետ, նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ ոչխարի բրդի վերամշակումը շատ բարդ է։
«Ես դեռ լուծում չունեմ: Ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք՝ ոչխարի բրդի վերամշակումը ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»:
Գեղամ Գևորգյանը նկատեց նաև, որ պատրաստվում են ֆինանսավորել անասնապահությունը և զարկ տալ ոչխարաբուծությանը։
«Իրականում անասնապահությունը լրջագույն պոտենցիալներ ունի, քանի որ միայն տավարի մսի դեֆիցիտը ԵՏՄ շրջանում բավականին լուրջ է: Մենք որքան արտադրենք դրա և ներքին, և արտաքին սպառումը կա: Ոչխարի միսն արաբական աշխարհում և Իրանում լրջագույն պահանջարկ ունի: Մնում է մի քանի խնդիր լուծենք՝ ոլորտին պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերենք: Սուբսիդավորելու ենք անասունների ձեռք բերման արժեքը»,- ասաց Գևորգյանը։