Վարչապետի «մռութիկներ ջան»-ը չի օգնի․ մասնագետը՝ Ավշարի դասադուլի մասին (տեսանյութ)
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ահազանգել են «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե»։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը։
Ուսուցիչները պահանջում են մարտի 1-ին տնօրեն նշանակված Հերմինե Անդրեասյանի հրաժարականը և մարտի 12-ից դասադուլ են անում։
NEWSPRESS.am-ն անդրադարձել էր խնդրին, որ աշակերտները չեն գալիս դպրոց, և միայն մարզպետի ծանոթների ու բարեկամների երեխաներն են դպրոց գնում, ու ստացվում է, որ 500 աշակերտից գնում են միայն 4-ը՝ տարբեր դասարաններից։
Արմինե Դավթյանի գնահատմամբ՝ երեխաներին այստեղ որպես գործիք են օգտագործում, քանի որ նրանց ասում են՝ գնացե՛ք, թող դաս անեն ձեզ հետ։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե դպրոցում պաշտոնակռիվ է գնում, Դավթյանն ասաց, որ դպրոցում չկա տնօրենի հավաստագիր ունեցող ոչ մի անձ, որը կհավակներ այդ պաշտոնին. «Այս դպրոցում անձնական հարց չէ, այլ ուղղակի մասնագիտական և մարդկային վերաբերմունքի»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Չարենցավանի դպրոցի նման, մի օր վարչապետը գնա և աշակերտներին ասի «մռութներ ջան, գնացեք դասի» ու ամեն ինչ դրանով վերջանա, Դավթյանը պատասխանեց․ «Դժվար թե այս դպրոցում նման բան լինի, քանի որ այստեղ իրավիճակն ավելի լուրջ է, և վարչապետի «մռութիկներ ջան»-ը չի օգնի»։
«Այսօր դպրոցի ուսուցիչները գնացել են մարզպետարան՝ իրենց պահանջը ներկայացնելու։ Ցավալի է, որ Կրթության և գիտության նախարարությունն այսքան ժամանակ անտարբեր է դասադուլ արած երեխաների իրավունքների նկատմամբ, ոչ մի արձագանք չկա նրանց կողմից իրավիճակի նկատմամբ»,- նշեց Դավթյանը։
Նա նաև հավելեց, որ սա միակ դեպքը չէ, Հայաստանում նման խնդիրներով դպրոցներ շատ կգտնվեն։
Մանրամասները՝ տեսանյութում