Թող որևէ մեկը չկասկածի՝ Արցախն ու Հայաստանը անհրաժեշտության դեպքում հակահարված կտան․ ԱԳՆ
«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանն ունեն վճռականություն ու կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու։ Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ» ։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է, քանի որ կազմակերպությանն այդ մասին չեն ծանուցել։
«Դա դեմ է միջազգային պարտավորվածություններին ու որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է և համապատասխան բացատրություն պահանջել Ադրբեջանից։