Փաշինյանը եկել է, որ նախկինների տնտեսական նշաձողը պահի՞
Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ավելի քան չորս ժամ տևած ասուլիսը կարելի է համարել անցած տասն ամիսների գործունեության ամփոփում։ Միաժամանակ նաև, այն կարելի է համարել՝ շատ խոսելու և ոչինչ չասելու նուրբ արվեստի մասին վարպետության դաս։
Ուշագրավ է, որ տնտեսական հեղափոխության, թռիչքաձև տնտեսական զարգացում ապահովելու և այլնի մասին հայտարարություններն այլևս, եթե նույնիսկ արտաբերվեցին Փաշինյանի կողմից, ապա շատ ընդհանրական ձևակերպումներով, չափազանց զգուշավոր կերպով։ Ավելին՝ չկար նաև նախկին էնտուզիազմը, էլ չասենք, որ սիրած թեմաների մասին ժամերով ճամարտակելու փորձերն էլ ըստ ամենայնի ձախողված պետք է համարել։ Սրան զուգահեռ, հատկապես տնտեսական հարցերի մասին Փաշինյանի խոսքերը հուսադրող չեն։
Պարզ է, որ տնտեսական հեղափոխությունը գոնե հիմա ձախողված է։ Պարզ է նաև, որ ներդրումների հոսք չի լինելու անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանն ինչպես է փորձում հակառակի մասին պնդել։ Բացատրությունը մեկն է՝ երբ քեզ ուր որ է քարշ են տալու տնտեսական միջազգային դատարան, ոչ մի ներդրող ռիսկի չի գնա քո մոտ ներդրում անել։
Ուշագրավ է այն, որ Փաշինյանը փորձում է իրեն արդարացնել այն մտքով, որ մարդիկ կարող է ավելի լավ չեն ապրում, սակայն արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում։ Այսինքն թե, իր համար փոխվել են նշաձողերը և ինքը ըստ ամենայնի հիմա կենտրոնացած է նախկին իշխանությունների թողածի մակարդակը պահպանելու, քան թե ավելացնելու, զարգացնելու վրա։ Սա վատ ազդակ է, անկախ թե ինչպես է փորձ արվում քողարկել պոպուլիստական հայտարարություններով։
Սա նշանակում է, որ ապացուցվում է այն թեզը, որ Փաշինյանն իրականում մարդկանց արդարացի դժգոհության ալիքի վրա իշխանության եկած մեկն է, և ոչ ամենևին հեղափոխություն իրականացրած։ Կարելի է ասել, որ հեղափոխություն չի իրականացել, քանի որ հիմնական շարժիչ ուժն այդ այսպես ասած հեղափոխության, մարդկանց դժգոհությունը, դեռ չի փարատվել, չի բավարարվել։ Ավելին, հեռանկար էլ չկա, որ կբավարարվի, քանի որ նշաձողը ոչ թե ավելին անելն է, այլ գոնե ավելի վատ վիճակ թույլ չտալը։ Փաշինյանը նախկինների սխալների մատնացույց անելու իր սիրած մանևրով կրկին փորձեց ուշադրություն շեղել, հայտարարելով, որ մարդկանց «բրինձ ու կարտոշկա են բաժանել», որ ինքնուրույն չլինեն։ Թե երբ և ով է դա բաժանել, երևի միայն ինքը գիտի կամ էլ ինչպես ասում են, մնացել է իննսունականների մտայնությունների տակ, քանի որ պարենային օգնություն Հայաստանում բաժանվում էր անցյալ դարի իննսունականներին։