Գրավատների աշխատակիցները դարձյալ կառավարության դիմաց են. նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում
Այսօր՝ մարտի 20-ին, կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են անում գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք դժգոհում են պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնությունից, որը կապված է «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխության հետ: Վերջիններս պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
«Թող Փաշինյանը գա ու պատասխանի՝ ինչ պետք ա լինի, թե չէ գալիս, փափուկ բարձ են դնում գլխներիս տակ ու գնում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից մեկը և հավելեց, որ մինչև հստակ պատասխան չստանան իրենց հարցերին՝ չեն հեռանալու:
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով՝ 60 անգամ ավելանալու է գրավատների և փոխանակման կետերի տարեկան պետական տուրքը: Գրավատների համար գործող 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, տարադրամի փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: