Զարթոնք համայնքում դժգոհության ալիքը չի նահանջում․ պահանջում են գյուղապետի հրաժարականը (տեսանյութ)
Երեկ՝ մարտի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում դժգոհության ալիք չկա։ Սակայն արդեն տևական ժամանակ հանրապետության տարբեր շրջաններում այս կամ այն առիթով մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպում։
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները շարունակում են պահանջել գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Այսօր՝ մարտի 20-ին, NEWSPRESS.am-ին են զանգահարել Զարթոնք համայնքի բնակիչներից և ասել, որ երեկվա ակցիան շարունակում են նաև այսօր։
Բնակիչները պնդում են, որ շատերն են ուզում գալ և միանալ իրենց ակցիային, սակայն վախենում են։ Գյուղացիներից մեկն էլ վրդովված նկատում է, որ գյուղի բոլոր բնակիչների հետ վեճի մեջ է եղել գյուղապետը և ծեծի է ենթարկել շատերին։
Նրանք, ովքեր կազմակերպել են ակցիան և բոյկոտում են գյուղապետի դեմ, վստահեցնում են, որ իրենց նպատակին հասնելու են և հեռացնելու են նրան իր պաշտոնից։
Մինչդեռ գյուղապետն ամենևին էլ չի պատրաստվում հրաժարական տալ։