Ատամներով պահեց․ դեռ ցտեսություն չի ասի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվով 3-րդ մամուլի ասուլիսը տևեց 4 ժամ 20 րոպե:
Փաշինյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի․ որոշների պատասխանների մեջ անկեղծ էր, որոշների մեջ՝ ոչ, իսկ որոշներին էլ պարզապես չպատասխանեց՝ իրեն բնորոշ տակտիկական հնարքներով թեման շեղելով այլ ուղղություններով։
Օրինակ, լրագրողներից մեկը Փաշինյանին հարց ուղղեց՝ ինչպես է վերաբերվում այն դեպքերին, երբ իշխող ուժը ներկայացնող խմբակցության անդամներից շատերը հանդես են գալիս մամուլի դեմ հայտարարություններով, իրենց համար նախընտրելի և ոչ նախընտրելի լրատվամիջոցների ցանկ են կազմում ու այն հրամցնում հասարակությանը։
«Պատգամավոր Լուսինե Բադալյանն իր գրառման մեջ լրատվամիջոցների ցանկ էր առանձնացրել, կոչ էր անում հարցազրույց չտալ այլ լրատվամիջոցների: Ինչպե՞ս եք սա գնահատում, երբ դուք էլ երբեմն Ձեր ուղիղ եթերներում առանձին լրատվամիջոցների եւ հրապարակումների քննադատաբար անդրադառնում ենք»,-հարց ուղղեց լրագրողը:
Փաշինյանն ասաց, որ նշված գրառումն ինքը չի տեսել և Լուսինե Բադալյանի կողմից ցուցաբերված անգիագիտությաննն անդրադառանալու փոխարեն՝ ասաց․
«Այսօր ամբողջ աշխարհում կա «ֆեյք նյուզի» հետ կապված գլոբալ խնդիրը:
Դա վերաբերվում է ամբողջ աշխարհին, հատկապես քաղաքակիրթ աշխարհին, որտեղ չկա ինտերնետի ցենզուրա: Շատ դեպքերում, երբ կան քաղաքական սահմանափակումներ, մենք չենք կարող մամուլի ազատության դեմ որեւէ բան անել, բայց նաեւ մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ: Իրենք իրենց պաշտպանելու ինչ-որ ձեւեր են գտնում: Դա ոչ թե արշավ է մամուլի դեմ, այլ գործընկերության հրավեր է, որ եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձեւավորենք, նորմալ իրար հետ աշխատենք: Ես այդպես եմ ընկալում»։
Փաշինյանը չխոսեց «մարտնչող ապուշների» մասին, իսկ դիտարկմանը, որ երբ կոչ են անում լրատվամիջոցներին հարցազրույց չտալ, առանձնացնում են լրատվամիջոցներին, արդյո՞ք դա գործընկերային մոտեցում է, և ինչպե՞ս է լինում, որ հեղափոխությունը լուսաբանած, նախկին իշխանություններին քննադատած լրատվամիջոցները այսօր հայտնվում են նոր իշխանությունների թիրախում, վարչապետն արձագանքեց. «Դե, որովհետեւ հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առուծախի պրոցես է տեղի ունեցել, դուք դրանից տեղյակ չե՞ք»,-ասաց Փաշինյանը՝ կրկին շրջանցելով իր թիմակիցների՝ «Ազատություն»-ից և «Հայկական ժամանակ»-ից տեղեկատվություն ստանալու՝ անընդհատ կրկնվող կոչերը։
Մի հետաքրքիր դիտարկում ևս արեց Փաշինյանը. նա պնդեց, որ իր թիմակիցներից մինչ օրս որևէ մեկը չի ձախողել, որին կարող է ասել՝ վեր կաց և հեռացի՛ր, ցտեսությո՛ւն։
Փաստորեն, հերթական անգամ Փաշինյանն իր անտաղանդներին պաշտպանեց կրծքով՝ փաստելով՝ անփորձ են, կսովորեն և հոգ չէ, որ դա կանեն հարկատուներիս հաշվին։
NEWSPRESS.am