Կտրե՞լ, թե՞ չկտրել նպաստը․ սա է Փաշինյանի խնդիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նպաստառուների մասին իր գրառմանը․ նա գրել էր, որ նպաստառուները վարկեր են փակում և հարցադրում արել, թե չարժե՞ կտրել այդ մարդկանց նպաստները։
Փաշինյանը վստահեցրեց, որ իր մեջբերած թվերն իրական ցուցանիշներ են, որոնք ստացվել են պետության ունեցած տարբեր տվյալների համադրությամբ։
«Այո՛, այսօր կա տեսակետ, որ պետք է դնել ու կտրել, բայց կա նաև տեսակետ, որ դա այդպես չէ, նախ պետք է հասկանալ, թե ինչ ունենք»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` տեսակետներն այս հարցի շուրջ տարբեր են, հետևաբար կառավարությունը չի շտապում արագ որոշումներ կայացնել։
«Եթե մարդը նպաստառու է ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում, այդտեղ ակնհայտ է, որ մի բան այն չէ։ Եթե 900 000 վարկ է փակում, այդտեղ էլ է ակնհայտ, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց եթե 100 կամ 200 հազար դրամ վարկ է փակում, հնարավոր է, որ այստեղ ոչ թե չարաշահման այլ արդեն այլ երևույթի հետ գործ ունենք»,- ասաց Փաշինյանը՝ չբացառելով նաև այն հանգամանքը, որ մարդ կարող է և՛ վարկ փակել, և՛ իրական նպաստառու լինել։