Ի՞նչ շահ է հետապնդում Լուսինե Բադալյանն իշխանությանը հարելով
Տարիներ առաջ Լուսինե Բադալյանն իր հարցազրույցներից մեկում, նախապես ներողություն հայցելով և խնդրելով, որ չնեղանան իր ասելիքից, մի դիտարկում էր արել՝ համեմատելով կուսակցականությունը աղանդավորության հետ։ Այս օրերին, երբ Լուսինե Բադալյանն իր հայտնի հիսուներանգ հայտարարությամբ կրկին քննարկումների և քննադատությունների թիրախում է, այս ֆրազն ակամա նորից դարձավ արդիական՝ «կուսակցականությունը նման է աղանդավորությանը»։
Ո՞վ է աղանդավորը։ Աղանդավորը նա է, ով դուրս է եկել տվյալ կրոնի կամ դավանանքին հետևող մարդկանց մեծամասնության կողմից ընդունված դավանանքից, ընկել է մոլորության մեջ։ Աղանդավոր դառնալու հազար ու մի պատճառ կա՝ նյութական ակնկալիքը կամ շահը, անկեղծ հոգևոր պահանջումների բավարարման միտումը, հոգևոր որոնումները և այլն։ Կարևոր մի առանձնահատկություն կա՝ շատ աղանդավորներ, իրենց մոլորության մեջ ազնիվ են, բարեպաշտ են, ջերմեռանդ են և ամենակարևորը՝ անմնացորդ կերպով հավատացած են, որ իրենք են ճիշտը և ճշմարտությունն իրենց ձեռքում է։
Նույն պրիզմայով դիտարկենք Լուսինե Բադալյանին։ Ինչո՞ւ նա հարեց իշխող քաղաքական ուժին։ Արդյոք քաղաքական մտքի և գաղափարախոսական որոնումներն էին, որ նրան տարան Փաշինյանի դուռը, թե նաև նյութական ակնկալիքն էր։ Որքանով է անկեղծ Լուսինե Բադալյանն իր քաղաքական դիրքորոշումներում և որքանով համոզված այն քաղաքական ուժի անսխալականության կամ ճշմարտացիության մեջ, որ նման եռանդով ձեռնամուխ է եղել որպես հանրային անձ ունեցած իր հեղինակության նման անխնա մսխմանը։ Չէ՞ որ իր աչքի առաջ նման մսխման շատ դեպքեր կան։ Ուրեմն ո՞րն է ճշմարտությունը Լուսինե Բադալյանի դեպքում։ Կարևոր չէ, որ նա բարձրաձայնի կամ հանրահռչակի այն։ Կարևոր է, որ ներքուստ տեսնի այն և խոստովանի ինքն իր առաջ։