Նոր խաղ Արցախի շուրջ
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որը նաև գրանցվել է Արցախում և կուսակցական գրասենյակ բացել այնտեղ, սկիզբ է դնում Արցախը Հայաստանին մարզի կարգավիճակով միավորելու գործընթաց։
ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին այդ մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ սկսում են ստորագրահավաք Հայաստանի քաղաքացիներին Արցախում իշխանության ձևավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։
Սեֆիլյանն, իհարկե, ընդգծեց մի կարևոր հանգամանք՝ իրենք նախքան Արցախում նախագահական ընտրությունների անցկացումը պետք է այնտեղ կատարեն իշխանափոխություն։
Սեֆիլյանի այս հայտարարությունը հակասություններ է պարունակում առ այն, որ եթե Արցախը դառնում է Հայաստանի մարզ, ինչու պետք է այնտեղ ձևավորվի առանձին իշխանություն։
Եթե Արցախում ձևավորվում է առանձին իշխանություն, ապա այդ ձևավորմանը պետք է մասնակցեն հենց արցախցիները:
Հենց այս հակասություններն են, որ բերում են այն եզրահանգման, որ «Սասնա Ծռերի» այս հայտարարությունը շատ ուղիղ կապ ունի Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալու ցանկության հետ։
Սամվել Բաբայանը չի կարող մասնակցել, քանի որ ունի հայաստանյան հաշվառում, իսկ Ծռերն իրենց այս ստորագրահավաքով անուղղակիորեն Բաբայանի համար բացում են փակված դուռը՝ Հայաստանում հաշվառված անձանց Արցախում ընտրությանը մասնակցելու հնարավորություն տալով։
Այս թեզն ավելի արդիական է դառնում հատկապես Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր հնչեցրած այն հայտարարությունից հետո, որ որևէ մեկը չի կարող խոչընդոտել Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությանը, իսկ Բաբայանն էլ ճիշտ կաներ՝ աջակցեր իրենց նոր թեկնածուին Արցախում իշխանության բերելուն։
Այնպես որ, ակնհայտ է, որ Արցախի դեմ նոր խաղ է ծավալվում և այն զարգանում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման ու Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելուն զուգընթաց։
NEWSPRESS.am