Պենտագոնը հերքում է հերթական տեղեկությունն ամերիկացի զինվորականների՝ Սիրիայում մնալու մասին
Ամերիկայի պաշտպանության նախարարությունը հերքել է օրերս մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե Սիրիայից ամերիկյան զորքի դուրս բերումից հետո շուրջ 1000 ամերիկացի զինվորական կմնա Սիրիայում:
Պենտագոնից տեղեկացնում են, որ փետրվարին հաստատված ծրագրում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: «Մենք շարունակում ենք իրականացնել նախագահ Թրամփի հրամանը՝ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման վերաբերյալ»,- ասված է Պենտագոնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք Սիրիայում հաղթանակ են տարել Իսլամական պետություն խմբավորման դեմ և որ ժամանակն է ամերիկյան զորքը դուրս բերել Սիրիայից: