Լենուղի համայնքի վթարայինների բնակիչները փակել են դպրոցի մուտքը (տեսանյութ)
Արմավիրի մարզի Լենուղի համայնքի դպրոցի բնականոն աշխատանքն այսօր՝ մարտի 18-ին, կաթվածահար էր եղել։ Համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի 22 ընտանիք առավոտյան ժամը 8-ից փակել էին գյուղի դպրոցի մուտքը։ Նրանք պահանջում էին կամ հրատապ լուծել իրենց բնակարանների հարցը, կամ բնակություն են հաստատելու դպրոցում, քանի որ շենքերն ամեն պահի հնարավոր է փլուզվեն։
Ժամանել են ոստիկաններ և բացել դպրոցի մուտքը։ Նրանք ցուցարարներից մի քանիսին ուղեկցել են մարզպետի հետ հանդիպման։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նրանցից ժամանակ է խնդրել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչներից Մկրտիչ Սահարյանը նշեց, որ 1․5 ամիս ժամանակ են տվել մարզպետին, ու եթե այդ ընթացքում հարցը չլուծվի, ապա կրկին ցույցեր կանեն։