«Ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք էլի, շանս կա, չէ՞». Մեսչյանը՝ քանդվող սրճարանների մասին
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կարծիքով՝ կան ուժեր, որոնք փորձում են քանդել հեղափոխությունից հետո ստեղծված միաձուլումն ու սիրո զգացողությունը, ինչը, նրա գնահատմամբ, ազնիվ չէ:
«Չի կարելի էդպիսի բաներ անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեսչյանը՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման խնդրին:
Նա ցավալի է համարում, որ սրճարանները քանդվում են, բայց և նկատում է, որ դա հենց այնպես չի արվում:
«Այդ քանդվելու դիմաց ինչ-որ մի բան է ստացվում, ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք էլի, շանս կա, չէ՞: Մենք երեկ դա չէինք կարող անել, այսօր հնարավոր է դա անել, եկե՛ք անենք»,-ասաց գլխավոր ճարտարապետը:
Նրա կարծիքով՝ բոլոր հարցերը կլուծվեն, և սրճարանների՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներն էլ աշխատանքի կտեղավորվեն. «Նույնիսկ թաղապետարանն այսօր զբաղվում է նրանց աշխատանքի տեղավորելու հարցով: Տենց բան երբևէ պատմության մեջ տեսե՞լ եք»,- ասաց Մեսչյանը՝ վստահեցնելով, որ հնարավորինս փորձում են «անցավ» լինի ամեն ինչ:
Նա կրկնեց իր այն միտքը, որ քաղաքաշինական փոփոխությունները Երևանում քաղաքապետարանի քմահաճույքը չէ, դա երևանցիների պատվերն է:
«Եկեք երևանցիների պատվերը կատարենք և եկեք մի քիչ երևանցիներին հարգենք»,- ասաց Մեսչյանը: