ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային, բայց ոչ նախապայման. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Վերջինս ասել էր, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը: Ալիևը դա դիտարկել էր որպես բանակցությունների արգելափակման փորձ:
«Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու: Մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նրա դիտարկմամբ՝ ԼՂՀ-ն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն, և որպեսզի արդյունավետ աշխատեն բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է պրակտիկ առումով ընդունել այդ որոշիչ ձայնի ներգրավվածության արտահայտումը:
«ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: Սա նախապայման չէ, մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին»,- ասաց նա: