Արթուր Մեսչյանը հիշել է իր մանկության պաղպաղակն ու ափսոսել քանդվող հիշողության համար
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հիշել է իր մանկության պաղպաղակն ու մի քիչ ափսոսել, որ Օպերայի հարակից սրճարանները քանդվում են՝ քանդելով իր հիշողությունները։
«Ես իմ մանկությունից հիշում եմ, որ մենք այդտեղ պաղպաղակ էինք գնում։ Դա այն տեղն է, որտեղ հաճելի էր բոլորիս համար։ Ես կցանկանայի, որ դա պահպանվեր։ Կա քաղաքի պատմական հիշողություն, և կարծում եմ, որ այդ տեսանկյունից ազնիվ կլինի, որ եթե անգամ հիմա այն ապամոնտաժվի, ապագայում նրանց հնարավորություն տրվի վերականգնել իրենց սրճարանը»,– ասաց Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում։
Նա նկատել է, որ այն, ինչ կատարվում է՝ ժողովրդի պահանջն էր և ո՛չ թե իր կամ քաղաքապետի։
«Մենք պահանջների կատարողն ենք։ Եվ դրա համար բոլոր խնդիրները, պրոբլեմներն ուղղել միայն քաղաքապետարանի աշխատողներին մի քիչ ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ բոլոր երևանցիները խոսում էին դրա մասին և երազում, որ գոնե մեկ գոտի վերադառնա Օպերայի տարածքին։ Հիմա հնարավորություն կա դա անելու»,- ասաց Մեսչյանը։
Նա ցավալի է համարում, որ մարդիկ կորուստնր են կրում, բայց նկատում է, որ սա քայլ է դեպի առաջ։ Մեսչյանի խոսքով՝ միանշանակ պետք է ապամոնտաժվի, բարեկարգվի որպես կանաչ գոտի ու վերադարձվի երևանցիներին։