«Վայ ձեր տունը թող սենց քանդվի». Լարված իրավիճակ Օպերայի բակում. ոստիկանները քաշքշելով հեռացնում են աշխատողներին
Թեև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պնդում էին, որ քննարկումներ կլինեն և Օպերայի սրճարանի աշխատակիցների հետ կգան ընդհանուր հայտարարի, սակայն բանակցություններ չեղան: Իսկ այսօր՝ մարտի 14-ի առավոտյան արդեն, ոստիկանները, 6-րդ վարչության անդամների հետ միասին ուժով հեռացրեցին աշխատողներին՝ սրճարանները ապամոնտաժելու համար:
Աշխատակիցները լացում ու խնդրում էին չզրկել իրենց մի կտոր հացից, ինչի արձագանքելով ոստիկանները նետեցին, թե «սրա տերերը չարժեն, որ դուք խնդրում ու լացում եք»:
«Ախր հարցը տերերեը չեն, այլ ես եմ, որ զրկվում եմ աշխատանքից»,-պատասխանեց կինը:
«Ուրիշ աշխատանք կգտնես»,-սառնասրտորեն ասաց ոստիկանը:
«Ինչ աշխատանք, եթե ես արդեն 35 տարեկանից անց եմ, ու ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդուոնում»:
Այդ ընթացքում աշխատակիցներից երկուսն էլ բարձրացան սրճարանի տանիք, որպեսզի թույլ չտան ապամոնտաժել այն, սակայն Արաբկիրի թաղապետը հրամայեց՝ քանդել: Ու «բուլդուզերը» սկսեց իր աշխատանքը:
Մի երկու ցուցարար էլ փորձեցին կտրել լարերը: Նրանցից մեկին հաջողվեց բուլդուզերից ինչ-որ սարք հանել, ինչը ժամանակավորապես կանգնեցրեց աշխատանքը: Սակայն ոստիկանները վերադարձրին այն ու քանդման աշխատանքը շարունակվեց:
«Վայ ձեր տունը թող սենց քանդվի»,-ասաց տարեց մի կին: