Այսօր ամեն ընտանիքից 2,5 մարդ վարկի տակ է. Գագիկ Ծառուկյանը դեմ է կրճատումներին
Եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր ստեղծեն, ներդրումներ լինեն, աշխատավարձերի բարձրացում լինի, վարկերի տոկոսների նվազում լինի, հարկերի պակասեցում լինի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պետական ապարատի կրճատումների մասին:
«Եթե մարդը գնացել է հեղափոխության, և այսօր դնել այդ մարդկանց կրճատել, այդ մարդիկ գործազուրկ ո՞նց են մնալու: Իհարկե, դեմ եմ կրճատումներին»,- ասաց Ծառուկյանն ու հավելեց, որ կրճատվողները, եթե 30 տոկոս են, ապա այդ 30 տոկոսը կազմում է ոչ թե 10 հազար, այլ 90 հազար մարդ:
«90 հազար մարդուն պետք է ապահովել աշխատանքով: Նրանք մեր հայրենակիցներն են: Խնդիր չկա. կրճատում են, թող մարդկանց ապահովեն աշխատանքով, աշխատավարձերը տան, մինչև լիարժեք աշխատատեղեր կլինեն: Այսօր մեր ժողովրդի մեջ ամեն ընտանիքից 2.5 մարդ վարկի տակ է. նա չի մտածում լավ ապրելու մասին, նա մտածում է իր վարկերն ու պարտքերը փակի, որ հանկարծ փողոցում չմնա»,- ասաց Ծառուկյանը: