Հանգիստ նստիր տեղդ՝ առանց «բլա-բլա»-ների
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի գույքը կոմերցիոն նպատակներով պետգույքի կառավարման կոմիտեն օտարում է։
Նախկին նախարարի գրառմանն անդրադարձել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն, ով բացառապես կնոջ` Լենա Նազարյանի, հաշվին դարձավ պաշտոնյա․ ինչևէ, մի կողմ թողնենք Բաբայանի՝ այդ կոմիտեի նախագահ դառնալու հանգամանքն ու դառնանք նրա գրառմանը։
«Վիգեն Սարգսյանը գրառում է արել. թե բա կառավարությունը բարձունք է հանձնում։ Ու անմիջապես իրենց ԶԼՄ-ներից մեկնաբանություն ստանալու հերթի են կանգնել»,- գրել է Նարեկն ու տարանջատել ԶԼՄ-ներին մերոնքականների և ձերոնքականների։ Եվ հետո հարց՝ եթե Բաբայանը ժամերով հեռախոսազանգերին չի պատասխանում, ի՞նչ գիտի՝ ՀՀԿ-ին, թե՞ «Իմ քայլի»-ն սպասարկող ԶԼՄ-ների լրագրողներն են զանգում մեկնաբանության համար։
Բաբայանը, փաստորեն, տեղյակ չէ, որ իր գործն է նաև աշխատել ԶԼՄ-ների հետ՝ առանց նրանց տիրաժավորելու․․․
Այնուհետև Նարեկ Բաբայանը զարկ է տվել իր մտքի թռիչքին ու անցել իր քաղաքական թիմի ամենակարևոր գործիքներից մեկին՝ լուրջ հարցերին հեգնանքով ու արհամարհանքով պատասխանելուն․
«Ուղղակի որոշ մարդկանց ամնեզիան պաթոլոգիկ «բարձունքներ» է գրավում։ Հիշեցնեմ, որ խոսքը ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի «գրաված» և տասնյակ միլիոնավոր դոլար արժեցած, բացառապես մարմարով, գրանիտով ու տրավերտինով կառուցածապատված շքեղ հանգստյան գոտու մասին է, որում կենտրոնական մասնաշենքից զատ տեղակայված է հյուրանոց, ինը հատ լյուքս դասի քոթեջներ և սպորտային համալիր։
Տարածքը այն ժամանակ բարձրացված աղմուկի պատճառով անելանելիությունից հանձնվեց ռազմական վարժարանին, որպեսզի պետական միջոցների վատնումը արդարացնեն «ինչ անում ենք, զինվորի համար ենք անում» տրաֆարետային կեղծավորությամբ ու որոշ ժամանակով մոռացության տան։
Ու հիմա, երբ պատկան մարմինները քննարկում են արդյունավետ օգտագործման խնդիրը, Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրեական գործ կա հարուցված, որոնց մասին ժամանակին պիտի մտահոգվեր, բայց արդեն ուշ է, հիմա անհեթեթ աղմկելու ժամանակն է»։
Այստեղ տեղին է ասել, որ եթե Նարեկը հիշեցնում է Գագիկ Խաչատրյանի բարձունքները, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ մինչև հիմա Գագիկ Խաչատրյանին չեն բռնել՝ որպես կոռուպցիոներ ու կաշառակեր։
Այս տասն ամիսների ընթացքում իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հաճախ էր հիշում Գագիկ Խաչատրյանին, կարողացե՞լ է արդյոք բռնել այդ կոռուպցիոներին, իշխանությունը, բացի խոսելուց և «բլա- բլա»-ներից, Խաչատրյանի քանի՞ բարձունք է բացահայտել մինչ հիմա։
Այնպես որ, երբ Խաչատրյանին կբռնեն ու կպահեն բանտում որպես կոռուպցիոներ՝ սեղանին նախ դնելով դրա ապացույցն ու փաստը, այն ժամանակ էլ Նարեկ Բաբայանը կարող է հեգնել, թե Խաչատրյանի բարձունքն է օտարում՝ հանուն ժողովրդի։
Բնականաբար, հերթական կոռուպցիոներին բռնելու մարմաջից դրդված ու հերոսանալու ցանկությամբ վառվող սույն պարոնին խորհուրդ ենք տալիս այսքան կարճատես և պրիմիտիվ չլինել․ սեփական արարքները հիմնավորել որպես ժողովրդի տված հարկերով ապրող պաշտոնյա, հակառակ պարագայում՝ Նարեկից պահանջում ենք՝ եթե գործ անել չգիտի, ապա հանգիստ նստի տեղը։