Մի անգրագետ էլ ես եմ, գնամ ասեմ՝ ինձ պաշտոն տո՞ւր․ ցուցարար կինը դժգոհ է Փաշինյանի կառավարությունից
«Ես ոչ փող եմ ուզում, ոչ տուն ու ոչ էլ պաշտոն․ ուզում եմ իմ աշխատանքին ձեռք չտան՝ հանգիստ աշխատեմ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած գրավատան աշխատակիցներից մի կին։
Նա ինքը ճանաչում է մարդկանց, ովքեր, չնայած անգրագիտությանը, պաշտոններ են ստացել տարբեր ոլորտներում։
«Մարդիկ գիտեմ, իմ ծանոթներն են, ովքեր անգրագետ են ու եկել, պաշտոն են ստացել, աշխատում են, հիմա մի անգրագետ էլ ես եմ, գնամ ասեմ՝ մի պաշտոն էլ ի՞նձ տա։ Չի կարելի էդպես։ Մենք իրեն ենք ընտրել (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ․), իր կողքին ենք եղել սկզբից մինչև վերջ, հիմա թող մեզ թողնի աշխատենք հանգիստ»,- ասում է կինը։
Հավաքվածներից մի քանիսն էլ նկատեցին, որ իրենց ընտանիքի բոլոր անդամներն էլ ընտրել են Փաշինյանին ու նրա թիմին։
«Եթե դու ուզում ես ժողովրդին հասկանաս, եթե ուզում ես լուծել նրանց հարցերը՝ ինչի՞ դուրս չես գալիս հանդիպես մարդկանց, խոսես ու հասկանաս՝ ինչն է խնդիրը, որ եկել են բողոքելու»,- ասում է կինը։
Ավելի վաղ անդրադարձել էինք, որ գրավատան աշխատակիցները և գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։
Նրանց հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով այլ հարցերով եկել էր կառավարություն, սակայն հուսադրող խոստումներ չէր տվել բողոքի ակցիայի մասնակիցներին։