«Մանթրաժից» է գիրք կարդում ու սելֆի անում` Ալիևի հետ հանդիպումից առաջ
Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը տարածեց իր հայտնի վերջին հայտարարությունը, սպասելի էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շեֆերին պետք է առնվազն ծեփեին պատերին կամ փռեին ասֆալտին։ Ի վերջո, դա էր հուշում հայտարարության բովանդակությունը, որտեղ կարելի է ասել, որ բացված են բոլոր փակագծերը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ։ Սակայն զարմանալիորեն նախ Փաշինյանը դուրս եկավ իր սիրած զբաղմունքով զբաղվելու, որը, ի դեպ, միակ բանն է, որը նա կարող է անել ճղճղալուց, հաթաթա տալուց և այլ նման բաների հետ մեկտեղ՝ սելֆի անելու, իսկ Արտաքին գործոց նախարարությունն էլ մի այնպիսի անկապ հայտարարություն տարածեց իր խոսնակի բերանով, որ կարելի էր մտածել, մարդիկ հայտարարության ազդեցությամբ, «մանթրաժի» տակ գրել են արձագանք, բայց չեն հասկացել, թե ինչ են գրել։ Սրան էլ եթե գումարենք «թիվ մեկ ընտանիքի» ընթերցանության լուսանկարը, կարելի է հասկանալ, թե մոտավոր կերպով ինչ է կատարվում իրականում։
Իրականում կատարվում է այն, որ Փաշինյանը խորապես անհանգստացած է, այնքան է անհանգստացած, որ անձամբ է իրեն նետել ասպարեզ՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար, և կամ սելֆի է անում, կամ գիրք կարդալը քաջալերող լուսանկարներ է ասում, որ հրապարակվի ու նույնիսկ չի վստահում այս ուշադրություն շեղող օպերացիաներն Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս օրհներգի, կամ զինանշանի կամ դրոշի կամ այլ խորհրդանիշի փոփոխության հետ կապված հերթական ցունամին սկսի ֆեյսբուքներում։
Մեղմ ասած՝ Փաշինյանը տակնուվրա է եղած։ Նա հիմա կուզենար, օրինակ, «լայվ» մտնել, բերանը ծռմռելով, նույնիսկ ժարգոնով համանախագահների վրա «տեղը հանգիստ նստելու» մատ թափ տար, սակայն հասկանում է, որ իր թափը միայն «զոմբիների» վրա է այլևս պատում և որևէ սխալ խոսքը միջազգային կարգի դիվանագետների հասցեին կարող է պարզապես իրեն դնել խայտառակ վիճակում, այն էլ Ալիևի հետ ունենալիք հանդիպումից առաջ։ Առանց այն էլ, Բաքուն իր զորավարժանքներով կարծես թե ուզում է Փաշինյանի դուխը չափել։ Փաշինյանն, անշուշտ, հասկանում է, որ առջևում կարելի է ասել, որ սպասվում է շատ ծանր հանդիպում, որից շատ բան է կախված լինելու` ոչ միայն երկրի ու ժողովրդի, այլ նաև հենց իր և իր իշխանության տևականության համար։
Հավանաբար, հիմա նա կուզենար ծանր հիվանդանալ, որպեսզի այդ հանդիպմանը չգնար, մի իրավիճակում, երբ նրան կանգնեցրել են մոտավոր այն նույն դիրքերում, որտեղ Սերժ Սարգսյանն էր իր հրաժարականի պահին՝ Ղարաբաղյան կարգավորման մասով։