«Դուք ճիշտ եք». Ալեն Սիմոնյանն այլ հարցերով էր եկել կառավարություն, բայց լսեց ցուցարարներին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող գրավատան աշխատակիցներին, ինչպես նաև գազալցավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց:
Նա նկատեց, որ ինքն ի պաշտոնե չի կարող լուծել նրանց բարձրացրած հարցերը, քանի որ ինքը կառավարության անդամ չէ, բայց կլսի ակցիայի մասնակիցներին: Ալեն Սիմոնյանը խնդրեց ներկայացնել խնդիրը, քանի որ, իր իսկ խոսքով, ինքը չգիտի, թե ինչի համար են այստեղ հավաքվել: Վերջիններս բացատրեցին, որ գազալցավորված ըմպելիքների թանկացումը սպառնում է արտադրամասերի փակմանը, իսկ գրավադրման հետ կապված նոր որոշումն էլ ենթադրում է գործազրկության նոր ալիք:
«Ես համաձայն եմ ձեզ հետ, դուք ճիշտ եք»,- քաղաքացիների բարձրացրած հարցին արձագանքեց Ալեն Սիմոնյանը:
Չնայած մինչ այդ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե տեղյակ չէ խնդրին, որը կառավարության մոտ է բերել այսքան մարդկանց, սակայն նրանց հետ խոսելուց հետո ինչ-որ նշումներ արեց և հայտարարեց, թե այսօր, ժամը 14:00-ին իր մոտ մարդ է գալու, ում հետ քննարկելու են այդ թեման: Ու հեռացավ՝ նշելով, որ ինքն այլ հարցերով էր եկել կառավարություն և պարզապես չէր կարող չմոտենալ:
Նրա գնալուց հետո, բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ կառավարության վերջին նիստի օրը՝ նախորդ հինգշաբթի, Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել խնդրով ու հիմա հույս ունեն, որ Սիմոնյանի խոսքը կյանքի կկոչվի:
Ցուցարարները դեռևս շարունակում են մնալ կառավարության շենքի մոտ: