«Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը. այդպե՞ս են զարկ տալիս». բողոքի ակցիա կառավարության դիմաց
Կառավարությունը հայտարարում է, որ զարկ ենք տալու փոքր ու միջին բիզնեսին, բայց հակառակն են անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին կառավարության դիմաց հավաքցած քաղաքացիները: Նրանք ներկայացնում էին գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները:
Նրանք նկատում են, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսված հարկային բեռի՝ ակցիզային հարկի ավելացումը զարկ չէ բիզնեսին:
«Փաշինյանն ասում էր, չէ՞, կառավարության դուռը ժողովրդինն է, իշխանությունը ժողովրդինն է: Հիմա մենք որպես իշխանություն եկել ենք կառավարության դուռն ենք ծեծում, բայց մեզ բանի տեղ դնող չկա»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհատ ձեռներեցներից մեկը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատում է, որ ակցիազային հարկի սահմանումը պարունակում է լուրջ ռիսկեր` արտադրողները ստիպված են լինելու փակվել կամ այլ ուղիներ փնտրել։
«Ձեզ թվում ա՝ էն 170 դրամով գազալցավորված ըմպելիք գնող քաղաքացին էն 300 քանի դրամանոց ընմպելիքի տեղը չգիտի՞»,- նկատում է Բաբկեն Պիպոյանը և հավելում, որ պետությունը կարող է եկամտային հարկի իր քաղաքականությունը վերանայել:
Հարկ է նկատել, որ փոփոխությունը սկզբում վերաբերել է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:
«Եթե իմանամ, որ զուտ առողջապահական խնդիր են լուծելու, և դրանով ուզում են նվազեցնել առողջության համար ոչ պիտանի ըմպելիքները՝ էլի կհաշտվեմ թանկացման հետ, բայց դա ոչ թե առողջական հարցեր է լուծելու այլ պարզապես կթանկանա, մարդիկ կսկսեն քիչ գնել և, ի վերջո, կփակվեն արտադրամասները»,- նշում է Պիպոյանը՝ հավելելով, որ սա ընդամենը բյուջե լցնելու միջոց է, որն այդ ձևով չի արվում:
Նկատենք նաև, որ ընկերությունների ներկայացուցիչները կառավարություն եկան «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ», «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» գրառմամբ պաստառներով: