Էլ ո՞ւմ է պատրաստ զոհելու Փաշինյանը հանուն իր շահերի
Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել։ Ամպուտացվել է նրա ոտնաթաթը։ Պարզ ասած, առանց հերոսականության տոնայնության, մարդը դարձել է հաշմանդամ, այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվային դուր գա, կարողանա լրացնել Կրեմլի հետ իր ունեցած հարաբերությունների վստահության պակասորդն ու դրանով հնարավորինս երկարաձգել իր իշխանությունը։
Եթե անկեղծ խոստովանենք, հերթական դեպքին ականատես եղանք, երբ Փաշինյանը, փաստորեն, իր շահերի համար խաղաց մարդու ճակատագրի հետ։ Հաշմանդամ դարձած սակրավորը երևի կվերադառնա հայրենիք, կթոշակավորվի, գուցե նաև նրան թոշակավորեն։ Սակայն նրա ոտնաթաթը ոչ ոք չի կարողանա վերականգնել։ Ու երևի մի օր այդ սակրավորն ինքն իրեն կհարցնի, թե իսկ հանուն ո՞ւմ կամ ի՞նչ գաղափարի է նա պայթել ահաբեկչի ականի վրա։ Հայաստանի սահմանները պաշտպանելիս չի եղել դա, ոչ էլ Արցախի տարածքի ականազերծման հետևանքով է դա եղել։ Սիրիա էլ ոչ ոք մեզ չէր ստիպում, որ զորախումբ ուղարկենք։ Եթե նույնիսկ ժամանակին ստիպել են կամ փորձել են ստիպել, կարողացել ենք խուսափել այդ ծանր բեռից՝ հասկանալով, որ զորախումբ ուղարկելը մի այնպիսի ռեգիոն, ինչպիսին Մերձավոր Արևելքն է ու հատկապես Սիրիան, իր հետ ենթադրում է նաև պոտենցիալ զոհերի և վիրավորների առկայություն։
Սակայն Փաշինյանը դա կա′մ չէր հաշվարկել, կա′մ էլ պարզապես թքած ուներ այդ հանգամանքի վրա, կամ էլ պատերազմը նրա համար ընդամենը «Գահերի խաղն» է կամ «Մատանիների տիրակալը»։ Ու կարևորն այն էր, իր համար, որ Կրեմլից գոնե մի քիչ ժպտան։ Բանակում չծառայածների իշխանությունը դժվար էլ պատկերացներ, իր ղեկավարով հանդերձ, որ պատերազմական գոտի զորախումբ ուղարկելով՝ այդ զորախմբին ուղարկում ես մահվան, հատկապես եթե սակրավորական բարդ առաջադրանքներ են դրված լինելու զորախմբի առաջ։
Շատ բնական հարց է առաջանում Նիկոլի սիրիական արկածախնդրության առաջին վիրավորի մասին լուրն իմանալիս՝ իսկ ո՞վ է հաջորդը և մինչև ու՞ր է պատրաստ զոհելու սեփական ժողովրդին Փաշինյանը հանուն իր, իր ընտանիքի և թիմի ուրախ չաղ ու բախտավար կյանքի։