Ինչպես ազատվել ավելորդ բեռից․ կառավարությունը գիտի
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը երկար- բարակ քննարկվելուց հետո, այսօր ընդունվեց գործադիրի կողմից և ուղարկվեց Ազգային ժողով։
Այս նախագծով հաստատվեց՝ այլևս կունենանք 12 նախարարություն` նախկին 17-ի փոխարեն։
Կրճատված, կամ ինչպես ընդունված է անվանել, օպտիմալացման ենթարկված նախարարություններից յուրաքանչյուրից, ըստ տարբեր խոսակցությունների, կկրճատվի մոտ հարյուր աշխատակից․ այսինքն` գործազուրկ կդառնա ավելի քան 500 պետական աշխատող։
Թե այս 500-ից քանիսի՞ hամար է նոր Հայաստանում ստեղծվել աշխատատեղ, նրանց քանի՞ տոկոսն է պոտենցիալ արտագաղթող և ի՞նչ կարգավիճակում են հայտնվելու սեփական գոյությունը նվազագույն աշխատավարձով պահող ՀՀ քաղաքացիները, դեռ հարց է։
Այս հարցերը կարծես թե այնքան էլ չեն հետաքրքրում վարչապետ Փաշինյանին և նրա թիմին, քանի որ նրանք առավելապես ֆիքսված են աշխատողների կարողությունների, հավելյալ արժեք ստեղծելու ունակությունների զարգացմանը, սակայն միայն դեկլարատիվ, ինչ-որ հայտարարությունների տեսքով։
Երբ կառավարության ղեկավարն ասում է, որ չեն մոռանալու կրճատված պետական ծառայողների մասին, այդ չմոռանալուն զուգընթաց նաև չի մանրամասնում՝ ինչպես է դա անելու։
Օրինակ՝ քաղաքապետարանի նման արդեն գործազուրկ դարձած աշխատակիցների համար անգլերենի ուսուցման դասընթացնե՞ր է կազմակերպելու, թե՞ ուղարկելու է սեմինարների, կլոր-սեղանների, թե՞ նրանց նախկին պետական աշխատակիցներին կարողություններն այլ կերպ է զարգացնելու։
Հարց է առաջանում՝ դա՞ անելու է պետությունը, որը նման պարտավորություն չունի, թե՞ դա, ինչպես և տնտեսական հեղափոխություն իրականացնելու քայլը, դրվելու է քաղաքացու ուսերին․ իսկ երբ քաղաքացին չունի գումար վճարելու սննդի, կումունալ ծախսերի համար, հաստատ անգլերենի դասընթացներն ու մասնագիտական կարողությունները զարգացնելու համար մեկ լումա անգամ չի ծախսի․ չի ծասխսի ոչ թե նրա համար, որ չի ցանկանում վարչապետի նման մի քանի լեզվի տիրապետել, այլ բացառապես այն բանի համար, որ չունի։
Այս ամենի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ մենք ունենում ենք հարյուրավոր անգործ ՀՀ հպարտ քաղաքացիներ և քաղաքացիներին միայն խոստումներով կերակրող իշխանություն։