Արթուր Քոչարյանի փաստաբանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին և պատժել դատավորներին
2005 թ.-ին ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, Արայիկ Զալյանը 2019թ. փետրվարի 25-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով և վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:
Արթուր Քոչարյանին Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005թ. հոկտեմբերի 11-ին մի քանի ծառայակիցների հետ ցմահ ազատազրկման է դատապարտել: 2006թ. հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մյուսների մասով առաջին ատյանի դատարանի վճիռը փոփոխել և նվազեցրել է պատժաչափը, իսկ Արթուր Քոչարյանի մասով թողել է անփոփոխ:
Փաստաբան Արայիկ Զալյանը պահանջել է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. հուլիսի 14-ի որոշումը և արադարացնել Արթուր Քոչարյանին:
Իսկ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած դիմումով պահանջել է կարգապահական վարույթ հարուցել և պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ և կողմնակալ վերաբերմունք ցուցաբերած Վայոց Ձորի մարզի դատարանի դատավոր Լ. Պողոսյանին, Վերաքննիչ դատարանի դատավորներ Հ. Տեր-Ադամյանին, Ս. Ավետիսյանին, Ս. Ղազարյանին: