Այսօր Վիտալի Բալասանյանի ծննդյան 60-ամյակն է
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերան ավանում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։ Այստեղ աշխատել է մինչև 1990 թվական։ 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փառահեղ մարտական ուղի է անցել՝ Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարից հասնելով մինչև դիվիզիայի հրամանատարի և Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոններին՝ 2000 թվականի մարտին արժանանալով գեներալ-մայորի զինվորական կոչման։
2000-2005 թվականներին եղել է «Արցախի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել է Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ։