Ունիկալ պրոյեկտ Հայաստանում. «Ամերիաբանկ»-ի և «Սպայկա»-ի համագործակցության արդյունքում շահագործման է հանձնվել պանրի՝ բարձր տեխնոլոգիաներով նոր գործարան (տեսանյութ)
10 տարվա մեջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, 2000 մշտական աշխատատեղ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում առաջատար ընկերություն «Սպայկա»-ն ոլորտում իրականացրել է նոր արտադրությունների և ենթակառուցվածքների բազմաթիվ նախագծեր:
«Սպայկա» ՍՊԸ-ի զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ շահագործում են բարձր տեխնոլոգիաներով հագեցած 100 հա ջերմոցներ: Դրանցից 50 հա-ն՝ կիսափակ տեխնոլոգիաներով ջերմոցներ են:
«Դա աշխարհում կիսափակ տեխնոլոգիաների ամենամեծ նախագիծն է: Հայաստանում մեր հիմնական առաքելությունը՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումն է: Նաև պետք է ցույց տալ արտասահմանյան ներդրողներին, որ Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է լինել արդյունավետ և հետաքրքիր՝ ներդրումների առումով»,- ասում է Կարեն Բաղդասարյանը:
Նա այս առումով առանձնացնում է պատրաստի ինտենսիվ այգու կոնցեպցիան, որի շրջանակում ընկերությունը նախաձեռնել է ինտենսիվ այգու համար անհրաժեշտ բոլոր կոմպոնենտների արտադրությունը Հայաստանում և պատրաստի մոդելի առաջարկում՝ բոլոր ներդրողներին:
ՍՊԸ-ի գործունեության արդյունավետության հարցում ֆինանսական գործընկերներից Կարեն Բաղդասարյանն առանձնացնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որի հետ համագործակցում են արդեն 9 տարի՝ 2010 թվականից:
«Դա այն բանկն է, որն ի սկզբանե հավատացել է մեր ներկայացրած ծրագրերին, և ստացել ենք նախագծային ֆինանսավորում, որը Հայաստանի պայմաններում արտառոց է և դրա շնորհիվ ընկերությունը կարողացել է զարգացում ապրել»,- ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ «Ամերիաբանկ»-ը կշարունակի մնալ ընկերության հիմնական գործընկերը Հայաստանում:
«Ամերիաբանկ»-ի և «Սպայկա»-ի համատեղ իրականացրած լավագույն ծրագրերից է պանրի գործարանը, որն արդեն շահագործման է հանձնվել: Դրան կից կգործի նաև պանրի թանգարան, ինչը կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը:
Կարեն Բաղդասարյանը խոստանում է տարեկան 2000 տոննա պանրի արտադրողականություն, և կմթերվի ավելի քան 20 000 տոննա կաթ:
«Սա ունիկալ պրոյեկտ է՝ հոլանդական և գերմանական տեխնոլոգիաների ներգրավմամբ: Արդեն համապատասխան աշխատանք է տարվում նաև փոքր, միջին ու մեծ ֆերմերների հետ. կնքվում են պայմանագրեր և աջակցում ենք նաև համապատասխան սարքավորումների տրամադրմամբ»,- ասում է Կարեն Բաղդասարյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեղական բանկերն ու հատկապես «Ամերիաբանկ»-ը շահագրգռված կլինեն այդ համագործակցության շրջանակներում աջակցելու հարցում:
Նկատենք նաև, որ ընկերությունը թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ոլորտում խոշորագույնն է տարածաշրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում