Ո՞ւմ է ձեռնտու Ղարիբյանի դեմ արշավը
Արդեն տևական ժամանակ է՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտնվել է մամուլի ու ֆեյսբուքյան ակտիվի քննադատության թիրախում:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը, որը, Նազենի Ղարիբյանի խոսքով՝ դեռ սևագիր է, դարձել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ների, թատրոնների ղեկավարների ահ ու սարսափը:
Մարդիկ խոսում են այն մասին, որ Մշակույթի նախարարությունում աշխատողները հեռու են մշակույթից և այդ հեռավորության ֆոնին էլ որոշել են կրճատումներ իրականացնել թատրոններում:
Բնականաբար, այս ամենի առանցքում Նազենի Ղարիբյանն է: Նա միայնակ է պատասխանում այս բոլոր քննադատություններին, հայհոյանքներին, իրեն անգրագետ որակող ֆեյսբուքյան գրառումներին:
Նա միայնակ էլ օրերս գնաց այս ամենին դեմ հանդիման՝ հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ ենթարկվելով դրան մասնակից լրագրողների կտտանքներին և երբեմն էլ ցենզուրայից դուրս եկող հարցադրումներին:
Նազենի Ղարիբյանն այս ամենի տակից, չգիտես ինչու, դուրս եկավ միայնակ, որպես մշակույթի նախարարի պաշտոնակատար՝ այդպես էլ չտալով այդ գաղափարի հեղինակների անունները:
Տպավորություն է, որ իշխանությունը միայնակ է թողել Ղարիբյանին, նրա հասցեին արված քննադատություններին թավշյա հեղափոխականները չեն անդրադառնում, լռում են, փոխարենը՝ մենք տեսել ենք դեպքեր, թե ինչպես են ատամներով պաշտպանում իրենց թիմակիցներին՝ ի պատասխան քննադատությունների՝ հաճախ սպառնալով դատարաններ դիմել:
Մի տեսակ անտարբերություն է Նազենի Ղարիբյանի պարագայում: Ճիշտ է՝ նա հանդիսանում է մի ողջ նախարարության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն անգամ այդ նախարարության կողմից նրա պաշտպանության վերաբերյալ՝ «Ձայն բարբառոյ՝ յանապատի»:
Վերլուծելով փաստերը, համոզվում ես, որ Նազենի Ղարիբյանի դեմ կատարվողն իշխանությունների՝ մասնավորապես՝ Կառավարության սրտով է: Մի տեսակ՝ տպավորություն է, որ Ղարիբյանն այս պահին խանգարում է ոմանց և սա տարբերակ է նրանից ազատվելու համար՝ իբրև թե ժողովրդի պահանջով:
Հիշեցնենք, որ այսօր վերը նշված սկանդալային տեղեկանքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նախարարությունը՝ պարզաբանելով, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության՝ ս. թ. փետրվարի 14-ին հաստատված ծրագրից, որի համաձայն՝ կառավարությունը որդեգրել է պետական և բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն:
Սա էլ, կարծես թե, սլաքները կառավարություն ուղղելուն միտված քայլ է՝ արդեն նախարարության կողմից: Ինչ որ բան այն չէ: