Ում է փորձել շողոքորթել Փաշինյանն Իրանում
Նիկոլ Փաշինյանի իրանական այցը, ինչպես և կարելի էր սպասել, աչքի է ընկել բավական ընդգծված շոուներով։ Նախ գազի տարանցման մասին հայտարարությունը և ապա նաև հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում չպետք է թույլ տալ՝ երկիրը ներքաշվի աշխարհաքաղաքական ջրապտույտների մեջ և այլն, ամենավառ վկայություններն են այդ քաղաքական շոուների։
Գազի մասին արդեն բավական գրվել է։ Սակայն Սպահանում ունեցած ելույթը բավական հետաքրքիր է։ Նախ, այս ելույթը նույնիսկ կանխատեսելի էր, քանի որ Իրանը բավականին երկար ժամանակ ուսումնասիրում էր հայաստանյան իրավիճակային փոփոխությունները, փորձում հասկանալ դրանցում տարբեր, նաև՝ արտաքին ֆակտորների ներկայությունը։ Հատկապես Բոլթոնի Կովկասյան այցից ու Երևանում արած հայտարարություններից, ինչպես նաև դրանից առաջ Իրանի մասին իր արած հայտարարություններից հետո, բնական է, որ Փաշինյանը նմանատիպ շոու պետք է կազմակերպեր, այսպես ասած՝ սեփական դեմքը լվանալու և պարզերես դառնալու համար։ Հետևաբար լիովին հասկանալի է, որ Արևմուտքի նախագիծ լինելու համարում ունեցող Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պետք է հակաամերիկյան օջախներից մեկը համարվող Իրանում հայտարարություններ հնչեցներ աշխարհաքաղաքականության մասին, ընդ որում, բավական երկիմաստ, որոնք կարող են իրանական վերլուծաբանների մոտ առիթ տալ մեկնաբանելու այն լույսով, որով ինքը կկարողանար իր դեմքը փրկած դուրս գալ։
Իրականում, սակայն, այդ հայտարարությունները սնամեջ են ու անբովանդակ։ Մեծ հաշվով չափազանց փոքրացած Երկիր մոլորակի վրա, երբ փոխկապակցվածությունների ու փոխազդեցությունների շունչը կարելի է զգալ ամեն քայլափոխի, անհնար է նման հայտարարությունները լուրջ ընդունել, քանի որ նույն հաջողությամբ նաև Հայաստանն ունի գոնե ռեգիոնալ քաղաքականության մեջ իր շահերը և փորձում է դրանք առաջ մղելու համար օգտվել որոշակի գործիքակազմից, որոնց բաղադրիչների մասին Փաշինյանն է այդպես բացասական երանգով խոսել, ու այդ դեպքում, օրինակ, Հայաստանը պետք է առաջինը հրաժարվի, ասենք, լոբբիստական քաղաքականության գործիքակազմից և այլն, լինի դա Հայոց ցեղասպանության ճանաչման կամ Արցախի հարցի հայանպաստ լուծման ուղղություններում։ Ուստի ամենևին պետք չէ ոգևորվել մի հայտարարությամբ, որի մեջ անկեղծությունը գրեթե զրոյական տոկոս է, իսկ իրանական վարչակարգին հեռահար շողոքորթելու միտումը բավական բարձր։