Իմ սիրուն աչքերի համար չեն ինձ ընտրել ռեկտոր․ Արամ Սիմոնյանն ինքնակամ հրաժարական չի տա
«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր դրված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը, որը, սակայն, հետաձգվեց:
Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, Արամ Սիմոնյանը նկատեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի, այսպես չի կարող շարունակվել, բայցև չի կարելի բռնությամբ դա անել։ Նա նաև նկատեց, որ արդեն 13 տարի պաշտոնավարում է և պատահաբար չի հայտնվել ռեկտորի աթոռին։
«Ինձ հենց այնպես, սիրուն աչքերիս համար չեն ռեկտոր նշանակել։ Ես ճանապարհ ունեմ անցած, փորձ ունեմ, ես պրոֆեսոր եմ, ակադեմիայի թղթակից անդամ եմ, կրթությունը շատ լավ գիտեմ, որպես դասախոս էլ վատ չեմ»,- ասաց ռեկտորը:
Նա նկատեց, որ, իհարկե, նաև թերություններ ունի, բայց դա գալիս է նրանից, որ ԵՊՀ մեծ կառույց է, շատ ուսանողներ և դասախոսներ կան և դժվար է ղեկավարել։
«Սատկած շանը փայտով չեն խփում: Հիմա ինձ, որ այսպես հալածում են, եթե ես լինեի խեղճուկրակ, համալսարանից ինձ հանելը մեկ օրվա գործ էր»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց․ «Ես միշտ եղել եմ, կամ և մնում եմ այն համոզման, որ Երևանի պետական համալսարանը ոչ մի տեսակի կուսակցական խաղերի տեղ չի և չի կարող լինել»։