Եթե չկա անցյալին վերաբերող իրավախախտում՝ անհանգստանալու բան չկա. Տիգրան Խաչատրյանը՝ գույքի բռնագանձման մասին
«Օտարերկրյա ներդրողների համար կարևոր են, որ պետական կարգավորումները լինեն պարզ, թափանցիկ, մրցակցային դաշտը՝ հավասար, կոռուպցիայի որևէ դրսևորումներ չլինեն: Այդ տեսանկյունից, կարծում եմ՝ այդ երևույթն այս գործընթացին առնչվել կամ վնասել չի կարող»:
Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քննարկվում է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այդ մեխանիզմը կառնչվի այն դեպքերին, որոնց հիմքում կան որոշակի իրավախախտումներ, իսկ եթե խոսքն օտարերկրյա ներդրողների մասին է, ապա առանց դատավճռի գույքի բռնագանձումը որևէ ձևով չի առնչվում նրանց:
«Եթե չկան անցյալին վերաբերող իրավախախտումներ, ուրեմն անհանգստանալու բան էլ չկա: Այն գործարարները, ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվել, մտահոգվելու բան չունեն»,- ասաց նախարարը: