«Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ Գևորգ Սաֆարյանն իր ռեպլիկներով լարված իրավիճակ ստեղծեց (տեսանյութ)
Այսօր՝ փոտրվարի 27-ին, ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։
Տուժած ոստիկաններին քննելու ժամանակ նիստին հետևողների կողմից աղմուկ բարձրացավ։ Այն ժամանակ, երբ ոստիկանը հայտնեց, որ այդ պահին իրենց մոտ զենք չի եղել, դահլիճում նստած Գևորգ Սաֆարյանը ռեպլիկներ հնչեցրեց՝ ցուցմունք տվող ոստիկանին անվանելով հիմար: Նրա դիտարկմամբ, սա «օսիպյանական ոստիկանության ձեռագիրն է»:
Դահլիճում նիստի մասնակիցներից մի քանիսը փորձեցին սաստել Սաֆարյանին, ինչը նյարդայնացրեց նրան, և Սաֆարյանն ագրեսիվ մոտեցավ իրեն սաստողին։
Ընդհանուր հրմշտոցին խառնվեցին ոստիկաններ, որոնք փորձում էին հանդարտեցնել ներկաներին։ Դատարանը ևս միջամտեց միջադեպին՝ հորդորելով բոլորին զբաղեցնել իրենց տեղերը։ Սակայն վերջիններս չէին ենթարկվում: Գևորգ Սաֆարյանը հայտարարեց, թե նրանք, ովքեր իրեն փորձում էին սաստել՝ սադրիչներ են:
Դատական նիստն ընդմիջվեց:
Հատկանշական է, որ Գևորգ Սաֆարյանը, նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ ցուցմունք էր տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, դարձյալ աչքի ընկավ իր ոչ ադեկվատ պահվածքով և տեղից ռեպլիկներ ուղղեց Օսիպյանին, ինչից հետո նիստը շարունակվել էր առանց քաղաքացիների մասնակցության:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում նիստ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: