Ազգայինն ավելի կարևոր է, քան Նիկոլի ճղճղոցը
Մամուլում համառորեն լուրեր են պտտվում, որ չնայած այն բանին, որ Նիկոլն ու իր թիմը փորձում են ամեն կերպ հարվածած լինել ՀՀԿ-ին, սակայն այնտեղ համալրումներ կան։ Ընդ որում, համալրումներ կան նույնիսկ պետական ապարատից՝ առաջատար մասնագետների, գլխավոր մասնագետների կամ վարչությունների ու բաժինների ղեկավարների մակարդակով։
Գաղտնի համալրումներ են և որն ամենակարևորն է՝ համալրումներ են հանուն գաղափարի։ Իհարկե, նման լուրերը կարելի է երկու երեսով նայել։ Նախ, որ իրոք դրանք կան, և ապա՝ հատուկ են նետվում ասպարեզ, որպեսզի խորացնեն պետական ապարատում մեկմեկու հանդեպ անվստահությունը և բերեն «վհուկների որսի» վիճակի։
Երկու դեպքն էլ աշխատող է։ Նախ, այն, որ մարդիկ կարող է և իրոք գաղափարից ելնելով են նման քայլի գնում, լիովին հնարավոր է և օրինական։ Մարդն ազատ է իր քաղաքական համոզմունքն ունենալու և այն արտահայտելու հարցում. սա երաշխավորված իրավական նորմ է։
Մյուս կողմից, Փաշինյանի կուսակցությունը՝ ՔՊ-ն, չունի գաղափարախոսություն, չունի գաղափարական հենք, բարոյական-արժեքային համակարգ և, հետևաբար, այն գաղափարական իմաստով ոչինչ չի տալիս հասարակությանը՝ պոպուլիզմի և դեմագոգության դոզաներից բացի։ Հանրապետականն, իր բոլոր թերություններով հանդերձ, գաղափարական կուսակցություն է, ունի քաղաքական հստակ կողմնորոշում՝ որպես ազգային պահպանողական ուժ, և գոնե հասարակությանը կարող է տալ իր տեսակին քիչ թե շատ հարիր կամ տեսակի համար ընդունելի գաղափարական հենք։
Ի դեպ, գաղափարական կուսակցություն է նաև ՀՅԴ-ն։ Սակայն ՔՊ-ն շատ ավելի քաղաքական աջափսանդալ է, որտեղ համատեղվել են տարբեր խմբերի այսրոպեական շահերը, քան թե գաղափարական ընդհանրությունները։
Հետևաբար, պետական ծառայողը, որը կուլիսային իրականությանն ավելի լավ է ծանոթ, քաղաքականապես ավելի հասուն ու գիտակից է, հասկանում է, որ իր բոլոր սխալներով հանդերձ՝ սուրբ Սարգիս տոնող Հանրապետականն իր հոգու հետ ավելի լավ է խոսում, քան Նիկոլի ճղճղոցները դոգմայավորող ՔՊ-ն։ Ի դեպ, եթե դիմենք պատմությանը, ապա քիչ չեն եղել դեպքերը, երբ կոմունիստական ամենաթունդ տարիներին մարդիկ գաղտնի կարդացել են եկեղեցու «Էջմիածին» ամսագիրը նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնելով։ Մի տեսակ նմանություն կա։ Ի վերջո, ազգային տեսակից ու գենետիկ համակազմից ոչ մի տեղ չես փախչի։