Զոհված 2 զինծառայողի ընտանիքներին Հիմնադրամը կփոխհատուցի. մեկը ձնահոսքի մեջ էր ընկել, մյուսին ծառայակիցն էր կրակել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի 1000plus.am կայքը:
«Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար»:
Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Քարամյանը ձնահոսքի զոհ դարձավ նախորդ տարեվերջին. նրա դին հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին:
Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանն էլ մահացու վնասվածք էր ստացել հունիսի 22-ին: Գործով մեղադրանք էր առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին: