«Ժամանակ». Բարսեղ Բեգլարյանի սիրտը փող է ուզում. առաջիկայում բենզինի գները Հայաստանում բարձրանալու են
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով ավելի հայտնի է Ֆլեշ Բարսեղ անունով, երեկ «ուրախալի» լուր է հայտնել հայ հանրությանը՝ ասելով, որ առաջիկայում բենզինի գները Հայաստանում բարձրանալու են, քանի որ բենզինը միջազգային շուկայում թանկացել է:
Բենզինի միջազգային գին, որպես այդպիսին, գոյություն չունի, կա նավթի համաշխարհային գին, և ամեն երկիր ինքն է որոշում, թե բենզինի վրա ինչ չափով հարկ կիրառի, և ըստ այդմ էլ ձևավորվում է բենզինի գինը:
Հայաստանում բենզինի հարկումը չի փոխվել: Նավթի համաշխարհային գները ոչ միայն չեն աճել, այլև նվազել են, օրինակ՝ եթե հոկտեմբերին այն արժեր 85 դոլար, ապա հիմա 65 դոլար է մեկ բարելի դիմաց: Ռուսաստանում ևս բենզինը էժանանում է. հունվարին բենզինի մեծածախի գինը էժանացել է 19,1 տոկոսով: Բենզինը էժանացել է նաև բենզալցակայաններում, թեև ոչ այդ չափով:
Այսպիսով, պարզ է, որ Բարսեղ Բեգլարյանի սիրտը շատ փող է ուզում, և նա որոշել է դա աշխատել բենզինը թանկացնելու միջոցով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: