Վարչապետը կորցնում է հսկողությունը․ վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը
Լեզվի կոմիտեն հետևում է պատգամավորների գրական խոսքին ու շուտով գրություններ կուղարկի նրանց` լեզվական սխալները շտկելու համար: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Մեր աշխատակիցներից մեկը հիմա աչալուրջ հետևում է ԱԺ նորընտիր պատգամավորների խոսքին և իր առաջարկով` առանց անուններ նշելու, բոլորին կուղարկենք գրություններ, կասենք, որ հաշվի առնելով, որ անփորձ են՝ այս անգամ առանց անունները նշելու ենք ուղարկում, բայց հաջորդ անգամ հանրությունը և իրենք ևս կիմանան անվանական` ինչ պիտի անեն և ինչ պիտի չանեն»,-ասաց նա:
Վերջինս անդրադարձավ նաև վարչապետի խոսքին՝ նկատելով, որ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը, որոնց համարժեքները հայերենում կան:
«Դա նկատում են մարդիկ, նկատում եմ նաև ես, և պատճառը չգիտեմ՝ ինչն է: Նա ընդհանրապես կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, հսկողությունը մարդը կորցնում է, դա բոլորիս հետ է այդպես»,- ասաց նա: