Բաքուն ընդդեմ ռուսաստանաբնակ հայերի սադրանք է ծրագրում
Շաբաթներ առաջ Ռուսաստանում չեչենների և ադրբեջանցիների միջև տեղի ունեցավ բախում։ Բանը հասավ այնտեղ, որ երկու կողմից էլ փոխադարձ վրիժառության կոչեր հնչեցին։ Բաքուն ամեն ինչ արեց և անում է, որ միջադեպը հարթվի և հետևանքներ չունենա։ Ինքնին հասկանալի է, ճանաչելով չեչեն ժողովրդի՝ լեռնականին հատուկ կոշտ բնավորությունը՝ ադրբեջանցիները փորձելու են հնարավորիս խուսանավել, որպեսզի միջէթնիկ լուրջ բախումներ չսկսվեն Ռուսաստանում կամ հետսովետական տարածքում։ Սակայն, այսպես ասած՝ խուսանավումն ադրբեջանցիները որոշել են կատարել հայերի հաշվին։
Մասնավորապես, ադրբեջանական քարոզչամեքենայի համար աշխատող լրագրող Ֆուադ Աբասովն, իբրև թե, ուսումնասիրություններ է արել և հայտնաբերել է, որ չեչենա-ադրբեջանական բախումը եղել է հայկական սադրանքի հետևանքով։
Թե որքանով հայերը կարող են այս դեպքի հետ կապ ունենալ, դժվար է ասել, սակայն այն, որ ընդդեմ հետսովետական տարածքի հայության նոր քայլեր են նախապատրաստվում, նոր սադրանքներ են ծրագրվում Բաքվի կողմից, աներկբա է։
Հատկապես Կարագանդայի դեպքերի հետ կապված ադրբեջանական հետքի հայտնաբերումից և արդեն Վրաստանում սադրանքների ձախողումից հետո, Բաքվի համար սա լավ առիթ է նորից հայկական թեման խառնել ինչ-որ կեղտոտ պատմությունների։